54 տարեկան կինը դիմել էր «Միքայելյան» համալսարանական կլինիկա՝ գանգատվելով, վքնածությունից, այրոցից եւ ստամոքսի շրջանում ցավերից։ Կինը նշել է, որ նախկինում այլ կլինիկայում անցել է էնդոսկոպիկ հետազոտություն, որի ժամանակ ախտորոշվել է ստամոքսի պեպտիկ խոց, որի կապակցությամբ ստացել է կոնսերվատիվ բուժում, սակայն գանգատների մեղմացում չի դիտվել: Ի դեպ, այդ էնդոսկոպիկ հետազոտության ժամանակ բիոպսիա չի իրականացվել, ինչը և պատճառ է դարձել սխալ ախտորոշման և անարդյունավետ բուժման:
Պաթանատոմիական կլինիկայի պաթոմորֆոլոգիայի բաժանմունքի վարիչ, ԵՊԲՀ ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի դոցենտ Անդրեյ Պապյանը նշում է, որ մեր հիվանդանոցում իրականացված կրկնակի էնդոսկոպիկ հետազոտության ժամանակ նույնպես դիտվել է ստամոքսի խոցային ախտահարում, իսկ հյուսվածաբանական հետազոտությամբ պարզվել է, որ դա սովորական պեպտիկ խոց չէ, այլ ստամոքսի երկրորդային ախտահարում՝ պատճառված ստամոքսի այդ շրջանի աճող փափուկ հյուսվածքային գոյացությամբ, հավանաբար՝ բարորակ:
Հյուսվածաբանական եզրակացության հիման վրա կատարվել է ուլտրաձայնային հետազոտություն, հայտնաբերվել է ստամոքսի պատին աճող հսկա գոյացություն: Հիվանդը վիրահատվել է: Վիրահատված ստամոքսը ևս ենթարկվել է հյուսվածաբանական հետազոտության, որի արդյունքում ախտորոշվել է ստամոքսի բարորակ գոյացությունը՝ շվանոման, ինչը ստամոքսում խոցի առաջացման պատճառ էր դարձել: Բժշկի խոսքով՝ շվանոման ստամոքսում հազվադեպ հանդիպող բարորակ գոյացություն է, որը ծագում է նյարդաթելերից, որոնք նյարդավորում են ստամոքսը, ժամանակին չախտորոշելու դեպքում հասնում է մեծ չափերի, ճնշում է որովայնի օրգանները, առաջացնելով լուրջ հետևանքներ մարսողական տրակտում, նույնիսկ կարող է վերածվել չարորակ ուռուցքի:
«Այսպիսով՝ ստամոքսի թվացյալ հասարակ խոցը իրականում եղել էր նորագոյացություն, և հիվանդը կարող էր անվերջ բուժվել առանց որևէ դրական արդյունքի: Ուշացած բիոպսիայի արդյունքում հնարավոր դարձավ ճիշտ ախտորոշել հիվանդությունը։ Սակայն դեռ ինչքան դեպքեր են լինում, երբ ուռուցքները չեն ախտորոշվում վաղ շրջանում՝ բիոպսիայից հրաժարվելու պատճառով, իսկ հիվանդությունը ախտորոշվում է արդեն ուռուցքի չարորակացման փուլում, երբ բուժումը արդեն անարդյունավետ է կամ նույնիսկ հակացուցված՝ քաղցկեղով պայմանավորված ընդհանուր վատ առողջական վիճակի պատճառով»,-ասում է Անդրեյ Պապյանը՝ կոչ անելով չվախենալ բիոպսիայից։
.png)